ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Իրանի ռազմածովային շրջափակումը ազգի դեմ պատերազմի շարունակությունն է։ Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գրել է X–ի իր էջում։
«Այն, ինչ արվում է ռազմածովային շրջափակման քողի տակ, ռազմական գործողությունների շարունակությունն է այն ազգի դեմ, որը գին է վճարում իր անկախության և դիմադրության համար»,– գրել է Փեզեշքիանը։
Նա անընդունելի է համարել ԱՄՆ–ի կողմից այդ բռնաճնշողական մոտեցման շարունակությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։