ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի շուկայում հայտնաբերվել է երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիք։ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ վաճառքում առկա խաղալիքների որոշ խմբաքանակներ պարունակում են թունավոր նյութեր։
Վերահսկողական միջոցառումներն իրականացվել են «Վազգեն Ամյան Սերյոժայի» ԱՁ-ում: Տեսչական մարմնի մասնագետները կատարել են «Դինոզավր» անվանմամբ խաղալիքի նմուշառում, որի լաբորատոր փորձաքննությունը տագնապալի արդյունք է ցույց տվել. խաղալիքի բաղադրության մեջ առկա են նյութեր, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում երեխաների առողջությանը։
«Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են խիստ հանձնարարականներ` իրականացնել նշված «Դինոզավր» խաղալիքների անհապաղ հետկանչ շուկայից։ Կազմակերպել հայտնաբերված վտանգավոր խմբաքանակի ոչնչացումը»,– ասված է հայտությունում։
Տեսչական մարմինը հորդորել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել նշված խաղալիքը, չօգտագործել այն և անմիջապես կապ հաստատել Տեսչական մարմնի հետ։ Խաղալիքների վերադարձը անհրաժեշտ է երեխաների առողջությանը հասցվող հնարավոր վնասները բացառելու համար