Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ 3 անձ կալանավորվել է, 1-ը՝ ձերբակալվել

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունում այժմ միջոցառումներ են ձեռնարկվում՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում սպանության դեպք է կանխվել, ինչի արդյունքում 3 անձ կալանավորվել է, 1-ը՝ ձերբակալվել, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունեցել են թշնամական հարաբերություն։ Նրանք նախնական համաձայնությամբ նախապատրաստել են այդ անձի սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ Պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները գրեթե ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Հանցավոր մտադրությունը փորձել են իրականացնել մարտի 22-ին, սակայն ավարտին չեն հասցրել»,- ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանության ծառայողներն ապրիլի 26-ին Վանաձորում կանխել են սպանության դեպքը։ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։