Ի՞նչ մտահոգիչ էջեր ունի ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը. վերլուծում է պատմաբանը

Արհեստական բանականությամբ գեներացված պատկեր
Էդգար Հովհաննիսյանի խոսքով` քարտեզի շեշտադրումը սովորաբար բնորոշ է այն երկրներին, որոնք ունեն տարածքային կոմպլեքսներ կամ չլուծված խնդիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ կենսաչափական նոր անձնագիրը մի քանի մտահոգիչ կետ ունի, որոնցից առաջնայինը Արագած լեռան անուղղակի հակադրումն է Արարատին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդգար Հովհաննիսյանը։
ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` ապրիլի 28-ին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացրեց կենսաչափական նոր անձնագիրը, որը պետք է շրջանառության մեջ մտնի այս տարվա աշնանից։ Վարչապետը էջ առ էջ ներկայացրեց կենսաչափական անձնագրում արված նորամուծությունները։
Էդգար Հովհաննիսյանը նոր անձնագրի նմուշը 2 շերտով է դիտարկում` գեղագիտական և բովանդակային։ Խուսափելով մասնագիտական դիզայներական լուծումները գնահատելուց՝ պատմաբանն անդրադարձավ բովանդակությանը։
«Ամենավիճահարույց հատվածը Արագած լեռան պատկերումն է որպես հայրենիքի գլխավոր խորհրդանիշ և դրա անուղղակի հակադրումը Արարատին։ Խոր Վիրապի պատկերը նոր անձնագրում հայտնվել է հակառակ ռակուրսից, որտեղից Արարատը պարզապես չի երևում»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` սա տեղավորվում է գործող իշխանությունների «Իրական Հայաստանի» հայեցակարգի մեջ։
«Այստեղ կարելի էր ուղղակի ավելի ճկուն լինել։ Վերջիվերջո, Արարատը կա նաև մեր գերբի վրա։ Ի՞նչ է, զինանշա՞նն էլ ենք փոխելու։ Նորից հավերժ հարց է առաջանում՝ արդյոք մենք պետություն և հայրենիք, պատմական հայրենիք հասկացությունները ուզո՞ւմ ենք դնել հակասության մեջ։ Ո՛չ, բոլորս էլ գիտենք՝ սա Հայաստանի Հանրապետությունն է, և իհարկե կա հայրենիք հասկացություն, պատմական հայրենիք հասկացություն, որոնք ընդամենը պիտի համադրել իրար հետ և երբեք չփորձել հակասության մեջ դնել»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Կենսաչափական անձնագրի ներքին էջերից մեկը
Պատմաբանի խոսքով` խնդրահարույց կետ է նաև անձնագրի էջերին ՀՀ քարտեզի առկայությունը։ Հովհաննիսյանը զուգահեռներ անցկացրեց Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ նշելով, որ քարտեզի շեշտադրումը սովորաբար բնորոշ է այն երկրներին, որոնք ունեն տարածքային կոմպլեքսներ կամ չլուծված խնդիրներ։
«Սահմանների ճշգրտման և խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում ավելի դիվանագիտական կլիներ ընդհանրապես խուսափել քարտեզի պատկերումից»,– հավելեց նա։
Ինչ վերաբերում է անձնագրի կարմիր գույնին, որը շատերը համեմատում են Թուրքիայի անձնագրի գույնի հետ, Հովհաննիսյանն այդ առումով քաղաքական խոր ենթատեքստ չի տեսնում, թեև նախապատվությունը տալիս է ավանդական կապույտին, որը կա անկախությունից ի վեր։
«Ինձ հանդիպել են կարմիր, կապույտ, կանաչ անձնագրեր. երևի ընդունված գույներ են դրանք։ Միգուցե ճիշտ կլիներ ավանդույթը պահել։ Բայց քանի որ ամեն ինչ նորովի ներկայացնելու տենդենցների մեջ ենք, այստեղ երևի հենց այդ խնդիրն են լուծել, բայց բովանդակային որոշակի անընդունելի շեշտադրումներով»,- ասաց պատմաբանը։
Նա միաժամանակ կարծում է, որ անձնագրի նոր նմուշում որոշ սիմվոլներ կան, որոնք ինչ–որ իմաստով հետաքրքիր են և արտացոլում են մեր ազգային ինքնության բաղադրիչները։
Կենսաչափական անձնագրի ներքին էջերից մեկը
«Օրինակ` կա Հայկ Նահապետ, կա ժայռապատկերների միջոցով հնագույն Հայաստանի արժեքների ներկայացում, կա Գառնու տաճարը, որը նախաքրիստոնեական մեր հավատքի մասին է խոսում, աշխատանքը, լավաշը խորհրդանշող պատկերներ, այսինքն՝ ընտանիքը, հացը, Արտաշեսյան սահմանաքարը»,- նշեց Հովհաննիսյանը։
Պատմաբանի խոսքով` թեև կարելի էր ավելի ազդեցիկ ուղերձներ փնտրել, սակայն այս մասով լուրջ խնդիրներ չկան։