ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն այսօր նոր հարձակումներ է իրականացրել՝ Լիբանանի հարավում իսրայելական ուժերի ուղղությամբ արձակելով անօդաչու թռչող սարք, իսկ Իսրայելի հյուսիսում ՝ արկեր: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ Իսրայելի հյուսիսում բազմիցս գործարկվել են օդային տագնապի ազդանշաններ։
«Հնչած ազդանշաններից հետո Իսրայելի հյուսիսային մի քանի շրջաններում երկու արկ է հայտնաբերվել, որոնք արձակվել են Լիբանանից: Մեկ արկ չեզոքացվել է, իսկ մյուսն ընկել է բաց տեղանքում», - հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ դրանից քիչ առաջ Մետուլայի շրջանում ակտիվացել է օդային տագնապի ազդանշանը՝ կապված «Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքի հայտնաբերման հետ:
Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ը պարբերաբար մեղադրում է «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։