ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել: ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության` 2025 թ. արդյունքները։
«2025-ին ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք (2024 թ.՝ 2093 դեպք), որոնցից 1027–ը կամ 45,7%–ը եղել են պատահարներ` ոչ հանցագործություններ (2024 թ.՝ 762), 1221–ը կամ 54,3%–ը` հանցագործություններ, այդ թվում` 687–ը կամ 56,3%–ը` զինվորական, 534–ը կամ 43,7%–ը` այլ հանցագործություններ»,– նշեց Վարդապետյանը։
Ըստ նրա ներկայացրած տվյալների` ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է ժամկետային զինծառայողների մահվան 6 դեպք, ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողների մահվան 2 և աշխարհազորայինի մահվան 1 դեպք, ընդհանուր առմամբ՝ ծառայության հետ կապված մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:
«Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք, զինվորական պաշտոնեական անփութության 1 դեպք, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդու մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք»,– ասաց դատախազը։
Նա նշեց, որ 2025 թվականին ծառայության հետ կապված մահվան դեպքերը նվազել են 18–ով կամ 66,7 %-ով: