ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը` «Մասրիկ-1», ստիպված է եղել սահմանափակել արտադրությունը արևային էլեկտրաէներգիայի ընդհանուր ավելցուկի պատճառով:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
«Մասրիկ-1»-ում սահմանափակումը հնարավոր է, սակայն էլեկտրացանցը պարտավոր է կայաններին վճարել չարտադրված էներգիայի ամբողջ ծավալը՝ համաձայն ներդրողների (իսպանա-նիդեռլանդական FRV կոնսորցիում) հետ կառավարության պայմանավորվածության: Թե որքան է մինուսը կազմել 2025 թվականին, հայտնի չէ. տվյալները դեռ չեն հրապարակվել։
Ի սկզբանե ներդրողների հետ կնքված պայմանագրում «Մասրիկ-1» կայանի համար սակագինը սահմանվել էր կՎտ/ժամի համար 4,15 ցենտին համարժեք դրամ, ուստի այն ամեն տարի ճշգրտվում է՝ հաշվի առնելով դոլարի փոխարժեքն ու գնաճը:
Այսպիսով, եթե «Մասրիկ-1»-ը ցանց չմատակարարի, օրինակ, 1 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, դա համակարգի (այսինքն՝ մնացած սպառողների) վրա կարժենա մոտ 15,3 մլն դրամ (մոտ 40 հազար դոլար), թեև ամբողջ էներգահամակարգի մասշտաբով այդ գումարը զգալի չէ։
Ինչ վերաբերում է մյուս արևային էլեկտրակայաններին, ապա այն օբյեկտների համար, որոնց շինարարությունը սկսվել է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը (իսկ դա հանրապետությունում նման կայանների մեծ մասն է), օպերատորն իրավասու չէ սահմանափակել արտադրությունը։ Նման որոշում է կայացվել մի քանի տարի առաջ՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանելու նպատակով։
Ավելի նոր կայանների համար սահմանափակումներ թույլատրվում են, սակայն դա գործնականում առայժմ չի ազդում դրանց աշխատանքի վրա, համենայն դեպս դրանցից որևէ մեկը, ըստ Ուլիխանյանի, չի դադարեցրել գործունեությունը:
Մի քանի ամիս առաջ ԱԺ-ում ներկայացված «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի ընդունումից հետո հանձնաժողովը կկարողանա աշխատանքի կանոններ սահմանել էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի համար, որոնք նախատեսվում է տարանջատել որպես կայանի առանձին տեսակ։ Տեսականորեն դա թույլ կտա արևային էլեկտրակայաններին կուտակել ավելորդ էներգիա՝ այն ցանց մատակարարելով երեկոյան կամ գիշերային ժամերին։
Ինչպես նշում է Ուլիխանյանը, դժվար թե «Մասրիկ-1»-ը շահագրգռված է այդ մեխանիզմով էներգիա կուտակել, քանի որ չարտադրած հոսանքի համար փոխհատուցում է ստանում։ Միևնույն ժամանակ այլ՝ ոչ միայն արևային կայանների համար նման լուծումները կարող են հետաքրքիր լինել։
«Չի բացառվում, որ նրանք նաև ակնկալում են, որ մի քանի տարի անց կավարտվի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը, և ավելցուկ էներգիան հնարավոր կլինի վաճառել այնտեղ», - ասաց Ուլիխանյանը։
Վերջին մի քանի տարիներին
Հայաստանում արևային էներգետիկան զգալիորեն ընդլայնվել է՝ հիմնականում արտոնյալ պայմանների շնորհիվ։ Եթե 10 տարի առաջ հանրապետությունում նման կայաններ գործնականում չկային, ապա 2025 թվականին դրանց արտադրությունը կազմել է մոտ 1 մլրդ 340 մլն կՎտ/ժ (չհաշված ցանցին չտրամադրվող ինքնավար սպառման ծավալները)։
Երկրի ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում արևային արտադրության մասնաբաժինը հասել է մոտ 14%-ի, իսկ գարուն-ամառ ժամանակահատվածում ցերեկային ժամերին գերազանցում է 20%-ը, ինչը ավելորդ արտադրություն է ձևավորում։
Կայանների մեծ մասը ցածր հզորության է (մինչև 10 ՄՎտ)` բացառությամբ «Մասրիկ-1»-ի (55 ՄՎտ): 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» կայանի կառուցման նախագծի մասին բազմիցս է խոսվել, բայց մինչ օրս դրա նույնիսկ շինարարությունը չի սկսվել, գործարկման ժամկետներն էլ հետաձգվել են մի քանի անգամ: