3 պահանջ. հայ գերիներից 7–ի ընտանիքները դիմել են ՄԱԿ–ի աշխատանքային խմբին

Իրավաբանները նշել են` թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից 7–ը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում պահվող 19 հայ գերիներից 7–ի ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին` պահանջելով անհապաղ ազատ արձակում և դատապարտելով Ադրբեջանի կամայական դատավճիռները։ Այս մասին հայտնում է «Արցախի միությունը»։
Խոսքը Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և քաղաքացիական անձինք Մադաթ Բաբայանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի և Էրիկ Ղազարյանի մասին է։ Նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո։
Իրավաբանները դիմումը ներկայացրել են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Նրանց պահանջում են չեղարկել գերիների նկատմամբ կայացված դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտումների հետևանք են և ունեն կամայական բնույթ։
«Թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին, և աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանդների համար»,– ասված է հայտարարությունում։
Նրանց պնդմամբ՝ Ադրբեջանում գերիների իրավունքների պաշտպանությունը ներպետական մակարդակում գործնականում անհնար է։
Դիմումատուները ներկայացրել են մի շարք հիմնավորումներ՝
Իրավական հիմքի բացակայություն․ գերիները, որպես զինված հակամարտության մասնակիցներ, պետք է ճանաչվեին ռազմագերիներ և պաշտպանվեին Ժնևի կոնվենցիաներով, մինչդեռ նրանց առաջադրվել են քրեական մեղադրանքներ։
Քաղաքական հետապնդում․ որոշ գերիներ տարիներ շարունակ պաշտպանել են Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, և նրանց կալանքը, ըստ իրավաբանների, ուղղված է այլախոհությունը լռեցնելուն։
Անարդար դատավարություններ․ դատական գործընթացներն անցկացվել են դռնփակ ձևաչափով, առանց անկախ պաշտպանների, իսկ որոշ ցուցմունքների շուրջ կան խոշտանգումների կասկածներ։
Մարդասիրական վերահսկողության բացակայություն․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե-ի գործունեության դադարեցումը վերացրել է անկախ վերահսկողության վերջին մեխանիզմը։
Վարձկանության մեղադրանքներ․ իրավաբանների գնահատմամբ՝ այդ մեղադրանքները իրավական հիմք չունեն, քանի որ գերիները եղել են հակամարտող կողմի բնակիչներ։
Էթնիկ խտրականություն․ միջազգային կառույցների տվյալներով՝ Ադրբեջանում առկա է հակահայկական համակարգային խտրականություն, որն ազդում է նաև արդարադատության վրա։
Իրավաբանները ՄԱԿ-ի աշխատանքային խմբից պահանջում են՝
ճանաչել գերիների ազատազրկումը որպես կամայական,
կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել և փոխհատուցում տրամադրել,
ապահովել միջազգային դիտորդների մուտքը Բաքվի բանտեր։
Դիմումը ներկայացրել են հայ և միջազգային փաստաբաններ, այդ թվում՝ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև եվրոպական և լատինաամերիկյան իրավաբաններ։
Դիմումատուներն ընդգծել են, որ խնդիրը ոչ միայն առանձին անձանց իրավունքների խախտումն է, այլև միջազգային իրավունքի համակարգային անտեսումը, որը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային հանրությունից։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: