ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Երեք անձ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են ձեռք բերել ու մոտ 93 մլն դրամի փողերի լվացում իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Հ.Ե.-ն, Հ.Մ.-ն և Դ.Հ.-ն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցներ, դրանք քաշերով առանձնացրել, փաթեթավորել և տեղադրել թաքստոցներում։ Այս ամենից հետո նրանք փաթեթների վայրերը լուսանկարել են ու «Տելեգրամի» տարբեր անվանումներով մի շարք առցանց խանութ-հարթակներով փոխանցել այլ անձանց։ Թմրամիջոցները ձեռք բերող անձինք գումարները փոխանցել են կրիպտոարժութային հաշիվներին»,- ասված է հաղորդագրությունում։
Այդ գործունեությունից ստացված մի դեպքում 583 303 դրամը, մյուս դեպքում՝ 19 մլն 420 703 դրամն ու երրորդ վարույթով՝ 93 890 436 ՀՀ դրամը ցանկացել են թաքցնել ու դրանք մի քանի տարբերակով բաշխել։ Հ.Ե.-ն, Հ.Մ.-ն և Դ.Հ.-ն այդ գումարների մի մասը փոխանցել են տարբեր էլեկտրոնային հաշիվների, փոխակերպել, ինչպես նաև կանխիկացրել կամ այլ կերպ տնօրինել։
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Հ.Ե.-ի, Հ.Մ.-ի և Դ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական վարույթները, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: