ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի վեց քաղաքական ուժեր Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարներին և ԵՄ ղեկավարությանը նամակ են հասցեագրել` ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը և նշելով, որ ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով, այն է` ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է։
Մինչ ՀՀ կառավարությունը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարական առաջընթացի օրինակ, երկրի ներսում, ըստ ընդդիմադիր ուժերի, տեղի են ունենում հակառակ գործընթացներ։ Նրանք նամակում նշել են, որ պաշտոնական Երևանի ներկայացրած պատկերը չի արտացոլում իրականությունը։
«Իրականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները և համակարգված կերպով օգտագործում է իրավապահ և դատական համակարգերը քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ»– ասված է ուղերձում։
ՀՀ ընդդիմադիր 6 ուժերը, դիմելով ԵՄ ղեկավարների, նշել են, որ եկել է քաղաքական հստակության պահը։ Կոչ են արել ԵՄ առաջնորդներին հրապարակավ և միանշանակ պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։
«Ինչպես նաև հստակ խոսել Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումների և լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ։ Ապահովել հավասարակշռված ներգրավվածություն՝ հանդիպելով ընդդիմադիր ուժերի, անկախ քաղաքացիական հասարակության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմության հավաստիությունը վտանգված է։ Մենք կոչ ենք անում ձեզ գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»,– ասված է հայտարարությունում։
Նամակի հեղինակներն են` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն և «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների և Դեմոկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, ինչպես նաև Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2025 թվականի մայիսին ընտրվել էր որպես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալող երկիր։ 2025 թվականի հոկտեմբերին Դանիայում կայացած 7-րդ գագաթնաժողովից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։ ՀՀ կառավարության որոշմամբ օրը ոչ աշխատանքային է։ Գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, որը կկայանա հաջորդ օրը։