ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: NEWS.am-ին այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նա այս փոփոխությունը անհանգստացնող է ու մտահոգիչ է որակել:
«Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Մեր տեղեկություններով` այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ: Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում նրա և մյուս գերիների պահման պայմանների մասին: Այս հարցում ևս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված երաշխիքները խախտվում են, մասնավորապես նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտեղ, երբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի մասով ինչ փոփոխություններ են լինելու»,– ասել է նա։
Սահակյանի խոսքով` որևէ տեղեկություն չունեն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին:
«Կարող եմ միայն ասել, որ այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման, վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող և ամրագրող որևէ կառույց գոյություն չունի, ու սա ստեղծում է տեղեկատվական վակուում»,– նշել է Սահակյանը։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուբեն Վարդանյանին դեռևս չեն տրամադրել դատավճիռները, թեպետ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել դատավճիռները: Չնայած Ադրբեջանը փորձում է չեղարկել գերիների պաշտպանության միջոցները, ըստ Սահակյանի, իրենք դեռևս ՄԻԵԴ–ում կարողանում են հիմնավորել դրանց պահպանման անհրաժեշտությունը՝ ելնելով խոշտանգումների և անմիջական վտանգի ռիսկերից:
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: