«Ջերմուկի» խմբաքանակի վաճառքի արգելքի մասին ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական տեղեկություն չի ստացել

ՌԴ-ն արգելափակել է «Ջերմուկ» ապրանքանիշի՝ փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացել «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքն արգելելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ ԶԼՄ-ներում հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն, գրություն առայժմ չի ստացել: Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանը արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։
Խոսքը 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ն արտադրված 338 հազար շիշ ջրի մասին է։ Թե կոնկրետ ինչի հետ է կապված որոշումը, չի հստակեցվում։
Մակնշման պատասխանատուն ավելի վաղ արդեն կասեցրել էր «Ջերմուկի» 2.5 միլիոն շշի վաճառքը՝ 2024 թվականին Հյուսիսային Օսեթիայի բնակչի թունավորումից հետո։