ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունում դեռ չգիտեն ինչպես լուծել տնային կալանքում գտնվող անձանց քվեարկության հարցը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականը հարցում է ուղարկել գերատեսչություն, որպեսզի պարզի տնային կալանքի տակ գտնվող շուրջ 1000 քաղաքացու քվեարկության ընթացակարգը։ Նախարարությունից հայտնել են, որ այս հարցի շուրջ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։
«Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձել են ընտրական իրավունքի իրացման գործող ընթացակարգերին, տնային կալանքի տակ գտնվող անձանց պարագայում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին։ Արդյունքում կողմերը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն՝ համապատասխան մարմինների համակարգմամբ կազմակերպչական աշխատանքների իրականացման և անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով»,- պատասխանել են թերթին։
Ըստ «Հրապարակի» տեղեկությունների՝ 2 տարբերակ է քննարկվում` ՆԳՆ աշխատակիցները տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցեն ընտրատեղամասեր, կամ ԿԸՀ–ն շրջիկ քվեատուփով այցելի նրանց, վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։
Ինչ վերաբերում է կալանավայրերում գտնող անձանց, որոնք ընտրելու իրավունք ունեն, ապա հունիսի 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները շրջիկ քվեատուփով կայցելեն ՔԿՀ-ներ, որտեղ ընտրատեղամասեր են բացվելու։ Հենց այնտեղ էլ ՀՀ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկությանը։
Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2022 թվականից, երբ ուժի մեջ մտավ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը։
Հիշեցնենք` ՀՀ–ում ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ՀՀ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից։