ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հետևում է բենզինի և դիզելային վառելիքի շուկաների զարգացումներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի և դիզելային վառելիքի, բայց ոչ հեղուկ գազի գները, քանի որ հեղուկ գազի շուկան համարվում է մրցակցային՝ կա ավելի քան 180 խաղացող, որոնցից ամենախոշորի մասնաբաժինը 9%-ը չի գերազանցում։
Ինչ վերաբերում է բենզինին, ապրիլին գները բարձրացել են 20-50 դրամով։ Ներկրող ընկերությունները հանձնաժողովի հարցումներին ի պատասխան մատնանշել են բորսայում վառելիքի գների աճը, ինչը հաստատվել է։
«Նախնական ուսումնասիրությունը դեռ շարունակվում է։ Դա կարճաժամկետ գործընթաց չէ, տևում է մոտ մեկ ամիս, և մենք հետևում ենք շուկայի զարգացումներին», - ասաց Սմբատյանը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փաստացի ընդունել էր հեղուկ գազի մասնակի պակասը` բացատրելով, որ շուկայում առկա դժվարությունները պայմանավորված են հիմնականում լոգիստիկ խնդիրներով։ Էկոնոմիկայի նախարարությունը քաղաքացիներին կոչ էր արել չտրվել խուճապային գնումների և առաջնորդվել միայն պաշտոնական տեղեկատվությամբ։