Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ -ից

Այդ որոշումը բխում է երկրի էներգետիկ ոլորտի զարգացման շահերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) և ՕՊԵԿ+դաշինքից։ Այս մասին հայտնում է երկրի WAM պետական լրատվական գործակալությունը։
«Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու իր որոշման մասին, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ «այս որոշումը բխում է ԱՄԷ-ի էներգետիկ ոլորտի երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական տեսլականից և զարգացման շահերից և վերահաստատում է երկրի հանձնառությունը պատասխանատու և հուսալի արտադրողի դերին, որը կենտրոնացած է համաշխարհային էներգետիկ շուկաների ապագայի վրա»:
Գործակալությունը նաև նշում է, որ «ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու որոշումը կբարձրացնի շուկայի դինամիկային արձագանքելու ճկունությունը»։
ԱՄԷ-ն կազմակերպության անդամ է 1967 թվականից։
ՕՊԵԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է նավթ արտահանող երկրներից և ստեղծվել է հումքի արդյունահանման քվոտաները վերահսկելու համար: Բացի ԱՄԷ-ից, այն ներառում է Ալժիրը, Հասարակածային Գվինեան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Կոնգոյի Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան և Վենեսուելան:
Եվս 10 երկիր անդամակցում են ՕՊԵԿ+ -ին. Ադրբեջանը, Բահրեյնը, Բրունեյը, Բրազիլիան, Ղազախստանը, Մալայզիան, Մեքսիկան, Օմանը, Ռուսաստանը, Հարավային Սուդանը և Սուդանը: Նրանք մասնակցում են ՕՊԵԿ-իայնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են մատակարարումների կամավոր կրճատումը: