ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. 2026–ի առաջին եռամսյակում հարկային և մաքսային մուտքերի աճը պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ նախընտրական ակտիվությամբ և այն հանգամանքով, որ Հայաստանի տնտեսությունն այսպես կոչված «արագ շրջանառվող միջոցների տնտեսություն» է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը պարզաբանեց, որ ընտրություններից հետո աճի տեմպերը կդանդաղեն, սակայն ընդհանուր միտումները կպահպանվեն մինչև տարեվերջ։
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2026 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե են վճարել ավելի քան 459 մլրդ 270 մլն դրամ, ինչը 49 մլրդ 916 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Հայաստանում «արագ շրջանառվող միջոցների տնտեսության» քաղաքականություն են վարում։ Եթե նայեք 1000 խոշոր հարկատուների ցանկը, կնկատեք, որ ներկայացված են միայն կարճաժամկետ շրջանառության ոլորտները՝ առևտուր, ծառայություններ, ծխախոտի արտադրություն, շինարարություն և այլն։ Բացի այդ, ընտրություններից առաջ ամբողջ Երևանը «ընկղմվել է» նորոգման աշխատանքների մեջ։ Երբ միջոցները ներդնում եք նման գործունեության մեջ, դա արագ արդյունք է տալիս՝ թե՛ ՀՆԱ-ի աճի, թե՛ բյուջետային մուտքերի տեսանկյունից։ Այսպես կլինի մինչև ընտրությունները։ Հետագայում չի բացառվում, որ այդ էֆեկտը փոքր-ինչ թուլանա, բայց սա է մեր տնտեսության ամբողջ բովանդակությունը»,-նշեց փորձագետը։
Ըստ նրա դիտարկումների՝ եթե մինչև նախորդ տարի «Թոփ-1000» վարկանիշում բարձր հորիզոնականներ էին զբաղեցնում հայաստանյան բանկերը, ապա վերջին ամիսներին նրանք զգալիորեն զիջել են դիրքերը այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններին։ Դա կապված է Հայաստանում հիփոթեքային և սպառողական վարկերի պահանջարկի նվազման հետ, քանի որ այդ ոլորտը հասել է իր գագաթնակետին. երկրի բնակչության մեծ մասը՝ շուրջ 2,2 մլն մարդ, վերջին տարիներին արդեն հասցրել է մեծ քանակությամբ վարկեր վերցնել։
Դրան զուգահեռ, բանկերն ուշադրությունը սևեռել են ՏՏ ոլորտի վրա։ Մասնավորապես, Հայաստանի խոշորագույն բանկերը $300 մլն վարկ են տրամադրել Nvidia-ի և Dell-ի մասնակցությամբ տվյալների մշակման կենտրոնի ստեղծման համար։ Այսինքն, մեր զրուցակցի խոսքով, ի տարբերություն հիփոթեքի և սպառողական վարկերի, բանկերը սկսում են երկարաժամկետ ներդրումների քաղաքականություն վարել։
Այնուամենայնիվ, ՏՏ ոլորտում խոշոր միջոցների կենտրոնացումը կարող է տնտեսության հերթական անհավասարակշռությանը հանգեցնել։ Դրանից խուսափելու համար, տնտեսագետի կարծիքով, պետք է ավելացնել ներդրումները նաև վերամշակող արդյունաբերության մեջ, սակայն նման ընկերությունները Հայաստանում շատ քիչ են՝ բացառությամբ գյուղատնտեսական մթերքների վերամշակման ձեռնարկությունների։
«Բանկերն ուշադրությունը կենտրոնացնում են ՏՏ-ի, ԱԲ-ի վրա, ներգրավվում են տվյալների կենտրոնների զարգացման մեջ, և դա կփոխի մեր հետագա շարժը։ Չեմ կարող ասել՝ դա ինչի կհանգեցնի՝ լա՞վ, թե՞ վատ բանի, բայց, ընդհանուր առմամբ, ճիշտ կլիներ, եթե այս ճյուղի զարգացումը հավասարակշռվեր արդյունաբերության զարգացմամբ։ Երբ ասում ենք` ունենք վերամշակող արդյունաբերություն, խոսքը հիմնականում սննդամթերքի վերամշակման՝ ագրարային ուղղվածություն ունեցող արդյունաբերության մասին է։ Այլ վերամշակող արդյունաբերություն մենք փաստացի չունենք»,-արձանագրեց Ադոնցը։
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, որի ձեռնարկությունները նույնպես բարձր դիրքեր են զբաղեցնում խոշոր հարկատուների ցանկում, ապա, փորձագետի տեսանկյունից, բարձր ցուցանիշները պայմանավորված են գլխավորապես պղնձի համաշխարհային գների աճով։ Սակայն Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամն արդեն իսկ հանգեցրել է էներգակիրների գների աճի, և եթե նավթի թանկացման միտումը պահպանվի, դրան կհաջորդի արտադրության անկումն ամբողջ աշխարհում և, որպես հետևանք, կնվազի գունավոր մետաղների, այդ թվում՝ պղնձի պահանջարկը։
«Եկեք Հայաստանի հանքարդյունաբերական արտադրանքը պայմանական բաժանենք երկու մասի՝ մոլիբդեն և պղինձ։ Մոլիբդենը մեզ մոտ վերամշակվում է ամբողջ ծավալով, մենք արտադրում ենք ֆերոմոլիբդեն, առնվազն արտադրում էինք մինչև վերջերս, բայց այս մետաղն օգտագործվում է միայն որոշակի ոլորտներում։ Այսպես ասենք՝ դրա պահանջարկը կայուն է, բայց չկա լայն արդյունաբերական կիրառություն։ Ի տարբերություն պղնձի, որն օգտագործման լայն շրջանակ ունի։ Բայց մենք արտահանում ենք ընդամենը հանքաքար, ոչ թե մաքուր պղինձ։ Այո, գները կարող են էլի աճել, բայց դա մեզ արդյունաբերական երկիր չի դարձնի։ Մենք պարզապես կշարունակենք արտահանել խտանյութը, սակայն դա չի փոխի մեր տնտեսության վիճակն ու կառուցվածքը»,-եզրափակեց նա։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Ադոնցը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի տնտեսությունը «բուրգ» է, որը դատապարտված է արագ փլուզման։ Ըստ նրա կանխատեսման՝ 2026 թվականին Հայաստանը կբախվի բավականին բարձր գնաճի, ինչը պայմանավորված կլինի էներգակիրների գների աճով, ինչն էլ իր հերթին կհանգեցնի բնակչության ծախսերի ավելացմանը։