Իրանի հակամարտությունում չի կարելի վերադառնալ ռազմական գործողություններին․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը ոչ մեկի շահերից չի բխում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Մոսկվայի համար ողջունելի է ԱՄՆ–ի և Իրանի միջև բանակցությունների շարունակությունը. այս հակամարտությունում ռազմական գործողությունների վերսկսումը ոչ մի դեպքում նպատակահարմար չէ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ամեն դեպքում կողջունեինք բանակցությունների ու հրադադարի շարունակումը։ Կարծում ենք, որ ոչ մի պարագայում չպետք է վերադառնալ մարտական գործողություններին. դա չի բխում մեր գործընկեր Իրանի, Հորմուզի նեղուցի երկրների և համաշխարհային տնտեսության շահերից», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Հարցին, թե կարելի՞ է արդյոք այդ բանակցությունների համար որպես հարթակ առաջարկել Ռուսաստանի տարածքը, Պեսկովը նշել է տվյալ հարցի մշակման բարդությունն ու անհրաժեշտությունը:
«Դժվար է ասել, դա շատ բարդ հարց է։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը համաձայն է դրա հետ, իսկ ինչ-որ մեկը կարող է համաձայն չլինել: Նախքան ինչ-որ բան առաջարկելը, դա նախ մշակվում է», - հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։