ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու համար այսօր ձերբակալվել է 4 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։
««Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։ Այդ խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։
Հիշեցնենք` Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։