Գուլոյանի օգնականի մոտ 21 հա անշարժ գույքի նկատմամբ ՀՀ-ն սեփականության իրավունք է գրանցել

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետությունը սեփականության իրավունք է գրանցել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20․6 հա անշարժ գույքի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Խոսքը Աբովյան համայնքի նախկին ղեկավար (2008-2015 թթ..) Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջը պատկանող գույքի մասին է։

«Գույքի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ է (շուրջ 875 հազար ԱՄՆ դոլար)»,- ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչությունից հիշեցնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը ՀՀ-ի սեփականությանը հանձնելու նպատակով կնքել էր հաշտության համաձայնություն, որը 2026 թվականի մարտի 5-ին հաստատվել էր դատարանի վճռով:
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ:
Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է: