Հարավային Կովկասում իրավիճակն ավելի քան բարդ է, պայթյունավտանգ և անկանխատեսելի։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» նախագծի հեղինակ Արման Վանեսքեհյանին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ-կովկասագետ Ալեքսանդր Կռիլովը։ Ըստ փորձագետի, շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կախված է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի ռազմական դիմակայության արդյունքներից։
Բրյուսելյան եվրաչինովնիկները կփորձեն ոչ միայն առաջ մղել Հայաստանին, այլև կոշտ ճնշում գործադրել
TRIPP նախագիծը ԱՄՆ-ին պետք էր միայն Իրանի հյուսիսային սահմանները վերահսկելու համար։ Իսկ ծավալուն ռազմագործողությունների պայմաններում Միացյալ Նահանգները նախաձեռնությունը «հաճույքով» հանձնեցին եվրոպացիներին։ Քաղաքագետի խոսքով, վերջիններս ուրախ են ջանալ երաշխավորել Հայաստանում ժողովրդավարության չափանիշներով ընտրություններ՝ ինչպես Մոլդովայում և Ռումինիայում (այսինքն՝ առանց հաշվի առնելու, թե ում օգտին է քվեարկել ընտրողը)։
Կարելի է կանխատեսել, որ եթե ընտրությունների արդյունքում Փաշինյանի կառավարությանը հաջողվի վերարտադրվել, ապա երկիրը կտրուկ կակտիվացնի ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացը։ Հենց դա առաջ կմղեն բրյուսելյան եվրոչինովնիկները՝ այն էլ կոշտ ճնշում գործադրելով։ Հասկանալի է, որ Հայաստանը չի պատերազմի Ռուսաստանի հետ, բայց կարող է պահանջել դուրս բերել ռուսական ռազմաբազան։ Կռիլովը վստահ է, որ ՀՀ-ն կարող է նաև միանալ պատժամիջոցներին և Ռուսաստանի հետ առևտուրը ամբողջությամբ տապալել։
Հարավային Կովկասի պետությունները պարզապես սպասում են իրանական թնջուկի հանգուցալուծմանը
Հիշեցնենք՝ Ամերիկայի և Իսրայելի հակաիրանական ռազմագործողության առաջին փուլում Ադրբեջանը կտրուկ հայտարարում էր, որ «երկաթե բռունցքով» կպատասխանի Իրանի սադրանքներին։ Ադրբեջանի տարածքում երկու դրոնների պայթյունը, ըստ փորձագետի, ամենայն հավանականությամբ, սադրանք էր։ Եվ եթե դեպքերն ընթանային ԱՄՆ-Իսրայել տանդեմի պլանով, ու իրանական պետությունը փլուզվեր, ապա Ադրբեջանը տարածքային պահանջներ կառաջադրեր։ Փորձագետը նշում է՝ դա տեղի չունեցավ, ներկայում ընթանում է կոշտ պայքար, և դրան միջամտել ցանկացողներ չկան։
Վրաստանն էլ միջամտելու ցանկություն չի հայտնում՝ զբաղված է իր գործերով, և իմաստ չի տեսնում միջազգային ասպարեզում իր դիրքն ընդհանրապես բարդացնելուց։ Հույսը, թե Թրամփը ավանդական արժեքների հանդեպ իր հավատարմությամբ կփոխի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ՝ չարդարացավ։ Ինչպես նախկինում, ԵՄ-ն կոշտ պահանջում է իշխանափոխություն և «ղեկի հանձնում» իր դրածոներին։ Ընդ որում, փորձագետի խոսքով, Վրաստանի նկատմամբ Եվրոպայի հավակնությունները բավական ընդարձակ են՝ ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ պատերազմ, սակայն բնակչությունը կտրականապես մերժում է այդ պլանը։
Աշխարհաքաղաքական ազդեցությունը կորցրած ԵՄ-ն փորձելու է դիրքերը հետ բերել Հարավային Կովկասում
Հարավային Կովկասի գործընթացներում առաջատար դեր ստանձնելու համար Թուրքիան բավականաչափ պրոբլեմներ ունի։ Նա այդ դերը հաճույքով փոխանցել է Ադրբեջանին։ Բաքուն հաջողությամբ լուծում է թուրքական արտաքին քաղաքական խնդիրները. առաջին հերթին դա Հայաստանի հրաժարումն է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարից: Թուրքերի համար այդ խնդիրը հանվել է օրակարգից, իսկ մնացած տարածաշրջանային հարցերը դիվանագիտական դաշտում լուծելու է Ադրբեջանը։
Այնպես որ, ըստ Կռիլովի, որևէ խոշոր տերություն այժմ դժվար թե հավակնի Հարավային Կովկասում առաջատարի կարգավիճակին։ Ավելի շուտ հենց Եվրամիությունը կսկսի կտրուկ ակտիվացնել տարածաշրջանում իր գործողությունները՝ ինչ-որ կերպ ցուցադրլու սեփական դիվանագիտական սուբյեկտայնությունը ։ Թեև իրականում, քաղաքագետի խոսքով, ԵՄ-ն այժմ ունի եթե ոչ այնքան երկրորդական դեր, ապա գոնե աշխարհաքաղաքական ասպարեզում նրա հետ հաստատ ոչ ոք հաշվի չի նստում։
Քաղաքագետ Կռիլովի ապոկալիպտիկ սցենարը
Արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում, ողջ Եվրասիայում և ամբողջ աշխարհում կախված է նրանից, թե ինչպես են ԱՄՆ-ն և Իսրայելը լուծելու իրանական խնդիրը։ Այս տանդեմն ընտրել է ռազմական ուղին, բայց արդեն ակնհայտ է, որ հարկավոր արդյունքի հասնել չի հաջողվել։ Պարզվեց, որ որպես պետություն՝ Իրանը և՛ ամուր է, և՛ կենսունակ, և մարտական գործողությունների արդյունքը բոլորովին էլ կանխորոշված չէ:
Որևէ բան կանխատեսելը շատ դժվար է, բացառությամբ այն բանի, թե արդյոք ԱՄՆ-ն և Իսրայելը կօգտագործեն վերջին կռվանը՝ միջուկային հարվածը: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ամերիկացիները հարվածեցին Ճապոնիային, որպեսզի աշխարհաքաղաքական ասպարեզում զսպեն չափազանց ուժեղացած ԽՍՀՄ-ին։ Քաղաքագետը եզրափակում է՝ հիմա արդեն պարզ է, որ սովորական սպառազինությունների կիրառմամբ չի հաջողվում Իրանը որպես պետություն ոչնչացնել և դժվար թե հաջողվի հետագայում: