ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանի` ԵԱՏՄ անդամ լինելը ինքնանպատակ չէ, դա լուրջ տնտեսական հիմքեր ունի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով ԵԱՏՄ–ԵՄ բանավեճին։
Նրա խոսքով` լինելով ԵԱՏՄ անդամ` Հայաստանը կարողանում է դառնալ կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև` տալով տնտեսական լուրջ արդյունքներ։
«Օրինակ` Ռուսաստանն իր բազմաթիվ ապրանքներ կարողանում է Հայաստանի միջոցով իրացնել Եվրամիությունում, և նույնն էլ հակառակը` ԵՄ–ից բազմաթիվ սարքավորումներ, տեխնիկա Հայաստանի միջոցով արտահանվում են Ռուսաստան։ Այսինքն` Հայաստանի` վերջին տարիների տնտեսական աճը, զարգացումը հիմնականում պայմանավորված է եղել հենց այս երկու ինտեգրացիոն միավորումների հետ լավ կապեր ունենալու շնորհիվ»,– ընդգծեց տնտեսագետը։
Նա համոզված է, որ Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ կազմում` միաժամանակ զարգացնելով հարաբերությունները ԵՄ–ի հետ, քանի որ հրաժարվելով մի ուղղությունից` մեծ վնաս կհասցվի մյուս ուղղության հետ առևտրաշրջանառության մասով։
«Միաժամանակ ես բացառում եմ, որ Հայաստանը կարող է լինել և՛ ԵՄ–ի, և ԵԱՏՄ–ի անդամ. այս դեպքում կստացվի, որ ԵՄ ապրանքներն առանց մաքսատուրքի կգան Հայաստան և առանց մաքսատուրքի կգնան Ռուսաստան, իսկ դա տնտեսական առումով անհնարին, անիմաստ գործարք կլինի»,– նշեց Պարսյանը։
Ըստ նրա` Հայաստանը Եվրամիության հետ ընդամենը կարող է արտոնյալ որոշակի ռեժիմներով հարաբերություններ ստեղծել, մանավանդ այս պահին որևէ մեկը մեզ ԵՄ անդամակցության առաջարկը չի ներկայացնում։
«Մենք պետք է աշխատենք առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու, որպեսզի և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը, և՛ Եվրամիությունը կարողանան ունենալ իրենց շահերը և օգուտները։ Հայաստանի նման երկիրը, որն ունի փակ սահմաններ և աղքատ ռեսուրսներ, պարտավոր է լավ առևտրատնտեսական կապեր ստեղծել բոլոր երկրների հետ, դիվերսիֆիկացնել իր արտահանումն ու ներկրումը»,– ընդգծեց տնտեսագետը։
Այն, որ ռուսական կողմից պարբերաբար հնչում են անհանգստություններ Եվրամիության հետ Հայաստանի կապերի սերտացման հետ կապված, Պարսյանի կարծիքով, ընդամենը քաղաքական հայտարարություններ են, մինչդեռ տնտեսական թվերը գոհացնում են բոլորին։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 11-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը ընդունեց այն բանից հետո, Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ էր ստացել։ Դա, ըստ նրա, շոշափելի դարձրեց Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարը։
Նշենք, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ հայտարարում է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը։
Ընդ որում՝ ԵՄ-ից անդամակցության առաջարկ չի եղել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթն անվանել է իրավական առումով աբսուրդային։ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է Եվրամիության կազմում։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալու Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ ընթանալ պետական զարգացման, կառավարման և այլ ոլորտներում եվրոպական ստանդարտներին համապատասխանելու ճանապարհով։
Փետրվարի 5-ին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Երևանի դիրքորոշումը, ընդգծել էր, որ Մոսկվան հարգում է Երևանի ընտրությունը, սակայն ԵԱՏՄ անդամակցությունը չի կարող համատեղելի լինել Եվրոպական միությանը միանալու հետ։