ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ԱՄՆ ռազմածովային ուժերը կալանել են իրանական հերթական նավը` M/V Sevan-ը, հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Նավը, որը գտնվում էր ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում, կանգնեցվել է Արաբական ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի կողմից, որը բարձրացել էր USS Pinckney ռազմանավի վրայից։ Ըստ տեղեկությունների` առևտրային նավը կատարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանները և այժմ վերադառնում է Իրան՝ ուղեկցությամբ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։