ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ճանապարհը փակվել էր ապրիլի 23-ին ձնահոսքի վտանգի պատճառով։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ այն բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Վերին Լարսով անցնող ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային ուղին է։