ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում կալանել են «Epaminondas» նավը, քանի որ այն օգտագործում էր ամերիկյան բանակը։ Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։
«Չորեքշաբթի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են ծովային անվտանգության ապահովման շարունակական գործողությունների շրջանակում Հորմուզի նեղուցում երկու օրինախախտ նավ կալանելու և Իրանի տարածքային ջրեր տեղափոխելու մասին։ Նույնականացվել են «MSC-Francesca» նավը, որը ենթադրաբար կապված է սիոնիստական ռեժիմի հետ, և «Epaminondas»-ը»,-ասված է հրապարակման մեջ։
Հստակեցվում է, որ նավերը բազմիցս խախտել են կանոնները և մանիպուլյացիայի ենթարկել նավագնացության համակարգերը՝ խախտելով ծովային անվտանգությունը։
Գործակալության տեղեկություններով՝ նավերը փորձել են գաղտնի լքել Հորմուզի նեղուցը, սակայն դրանք նկատել է ԻՀՊԿ ՌԾՈւ-ն։ Ըստ կորպուսի հայտարարության՝ նավերն ուղղորդվել են դեպի Իրանի տարածքային ջրեր՝ բեռի և փաստաթղթերի ստուգման համար։
Վերջին անգամ նավը տեսել են Օմանի ծոցում՝ Իրանի Քուհեստակ բնակավայրից դեպի արևմուտք։