Հայ լինելն ազդել է իմ աշխարհընկալման վրա. Քարդաշյանը` ՀՀ այցելելու և Ցեղասպանության մասին

Քարդաշյանը նշել է, որ աղոթում է հայ համայնքի և բոլոր նրանց համար, ովքեր տառապում են ամբողջ աշխարհում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հայ լինելը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։ Նա Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել «Ինստագրամ» սոցիալական ցանցում և լուսանկար հրապարակել, որում նա կանգնած է Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ ինքնության և դաստիարակության մասն է։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենատպավորիչ իրադարձություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, որ ես ամեն օր կրում եմ ինձ հետ»,– գրել է նա։
Քարդաշյանը նշել է, որ աղոթում է հայ համայնքի և բոլոր նրանց համար, ովքեր տառապում են ամբողջ աշխարհում, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի, և նրանց ցավը չանտեսվի:
Նշենք, որ Քարդաշյանը Հայաստան էր այցելել 2019 թվականին։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։