ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Եկատերինբուրգում բնակելի շենքի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 6 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Սվերդլովսկի մարզպետ Դենիս Պասլերը։
«Ծանր վիճակում գտնվող բուժառուներ չկան։ Մեկ կին տեղափոխվել է հիվանդանոց»,- գրել է նա սոցցանցում։
Շենքի մոտ օպերատիվ շտաբ է գործում, աշխատում են արտակարգ ծառայությունները։
Սվերդլովսկի մարզում սահմանափակվել է օդային հաղորդակցությունը. «Կոլցովո» օդանավակայանը չվերթեր չի ընդունում և չի իրականացնում։
ԱԹՍ-ների հարձակման փորձ է կանխվել նաև հարևան Չելյաբինսկի մարզում։ Մարզպետ Ալեքսեյ Տեկսլերի խոսքով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։