ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում` նշելով, որ Ադրբեջանը Թուրքիայի ցեղասպանական արշավը շարունակողն է։
«Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում` մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի: 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա: 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 000 հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որն սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ»,– գրել է նա։
Նյու Յորքի քաղաքապետ վերահաստատել է հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։