Վարույթ չունենք․ Հակակոռուպցիոն կոմիտեի պետը՝ «Իմ քայլը» հիմնադրամի խախտումների մասին

«Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել է, որ ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» հիմնադրամում հնարավոր խախտումների վերաբերյալ քրեական վարույթ Հակակոռուպցիոն կոմիտեում չկա։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանն ապրիլի 23-ին գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմել Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
«Մենք ունենք գործեր, որոնք իրացվում են, հրապարակվում են։ Ձեր նշած դեպքով մենք քրեական վարույթ չունենք»,- ասաց Նահապետյանը։
Հիշեցնենք, որ դաշինքը որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Նրանք դիմում են ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
«Անկախ դիտորդը» համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն են ուսումնասիրում, որ, միգուցե, դիմեն ԿԿՀ։