ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և իր փեսա Ջարեդ Քուշներին ուղարկում է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների։ Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Ալայնա Թրինը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Նրա խոսքով՝ առաջընթացի դեպքում փոխնախագահ Ջ. Դ. Վենսը նույնպես կմեկնի Պակիստան։
«Թրամփը իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին ուղարկում է Պակիստան՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններին մասնակցելու համար... Փոխնախագահը պատրաստ կլինի մեկնել Իսլամաբադ, եթե առաջընթաց լինի», – գրել է Թրինը սոցցանցում։
Նշենք, որ մինչ այս պահը բանակցություններին ամերիկյան կողմի մասնակցության պաշտոնական հաստատում չի եղել։
Այսօր Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Արաղչին այցելություններ կկատարի Պակիստան, Օման և Ռուսաստան։ Նա կհանդիպի այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի Միացյալ Նահանգների հետ հակամարտությունն ավարտելու հնարավորությունները։