ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել դրա շարունակական խորացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Պապիկյանը մարտին Ֆրանսիայում էր պաշտոնական այցով։ Նա այնտեղ հանդիպել էր Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել էին պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։