ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այն, որ արցախցիները կարողացել են ողջ–առողջ հասնել Հայաստան, դրան մեծապես նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերջին 50 տարվա քայլերը։ Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ իրենք պահանջում են Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչում, և դա տարածաշրջանում արդարության վերականգնման լավագույն ճանապարհը կլինի։
«Վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը։ Մենք տարածաշրջանում պետք է ունենանք լավ հարաբերություններ, սակայն դրանք չպետք է լինեն արյան վրա, այլ լինեն արդարության հիմքի վրա։ Թուրքիայի հետ մենք պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները` առանց նախապայմանների, սակայն թուրք հասարակության հետ ճշմարտության մասին խոսելու կարիք ունենք»,– ընդգծեց Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամի խոսքով` Հայաստանը տարածքային որևէ նկրտում չունի հարևան երկրների նկատմամբ։
«Այո, Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, սակայն ոչ Հայաստանի Հանրապետություն է, մենք տարածքային որևէ նկրտում չունենք, մենք ուղղակի երկարաժամկետ արդարության կողմնակից ենք։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա այն անկախ միավոր է միշտ եղել և Հայաստանի Հանրապետության մաս չի կազմել` ճանաչված անկախությամբ»,– հայտարարեց Կարապետյանը` ավելացնելով` եթե իշխանության գան, ապա արցախահայերի վերադարձի հարցը լինելու է իրենց առաջնահերթություններից մեկը։
Ըստ նրա` մենք ոչ մի դեպքում չպետք է մոռանանք մեր պատմությունը, անմեղ սպանված 1.5 մլն հայերի ճակատագիրը և դրա դիմաց Թուրքիայից ակնկալենք, օրինակ` տնտեսական ինչ–որ օգուտներ։