Դուք ձախողել եք, ես ողջ եմ. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ պատգամավորներին հիշեցրել է, որ 2023 թվականին Արցախից գաղթելու ճանապարհին ավելի քան 60 մարդ մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում բարձրաձայնել է Արցախի հուշարձանների, գերեզմանատների ու եկեղեցիների ավերման հարցը։
Մամիջանյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ադրբեջանն անցել է հայկական հետքի համակարգված բնաջնջմանը։ Նա շեշտել է, որ սա ոչ թե անցյալի պատմություն է, այլ ներկա իրողություն։
«Հենց այս պահին Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Հենց այս պահին ոչնչացվում ու վանդալիզմի են ենթարկվում պատմական վայրերը, հուշարձանները, գերեզմանատներն ու եկեղեցիները»,– ասել է Մամիջանյանը։
Որպես վանդալիզմի թարմ և ցայտուն օրինակ՝ նա մատնանշել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցու հիմնովին քանդումը, որը տեղի է ունեցել 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում։
Մամիջանյանը պարզաբանել է, որ ճշգրիտ ամսաթվերի բացակայությունը պայմանավորված է Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմամբ։
«Միակ հասանելի ապացույցն արբանյակային լուսանկարներն են, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել ՅՈւՆԵՍԿՕ-ի մոնիտորինգային առաքելությանը մուտք գործել տարածք»,– ասել է նա։
Անդրադառնալով 2023 թվականի իրադարձություններին՝ Հայկ Մամիջանյանը հակադարձել է այն պնդումներին, թե հայերի հեռացումն իրենց հայրենիքից կամավոր է եղել։ Նա հիշեցրել է, որ ավելի քան 60 մարդ մահացել է հենց գաղթի ճանապարհին։
«21-րդ դարում Եվրոպայում ավելի քան 60 մարդ մահացել է՝ փորձելով փրկվել ադրբեջանական ռեժիմից։ Սա բնավ հնարավոր չէ բնութագրել որպես «ընտրություն կամ որոշում»»,- նշել է նա։
Պատգամավորը քննադատել է միջազգային կառույցների անարդյունավետությունը՝ շեշտելով, որ բանաձևերն ու հայտարարությունները չեն կանգնեցնում բռնապետությանը։ Նա հիշեցրել է նաև Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և ՀՀ օկուպացված տարածքների մասին։
«Այս ամենը տեղի է ունեցել բոլորիս ԵԽԽՎ անդամության ընթացքում։ Չկա մեզ արդարացում։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ մեկ բռնապետ կարող է ավելի հզոր լինել, քան ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Եվ, այնուամենայնիվ, նա շարունակում է պահել իմ 19 հայրենակիցներին Բաքվի բանտերում՝ չունենալով նրանց ազատ արձակելու մտադրության ոչ մի նշույլ։ Նա շարունակում է օկուպացված պահել իմ երկրի ավելի քան 200 քառ. կմ տարածքը։ Նա շարունակում է թաքցնել 2020 թվականից ի վեր անհետ կորած հարյուրից ավելի անձանց մասին տեղեկատվությունը»,– ընդգծել է պատգամավորը։
Մամիջանյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը` նշելով, որ Ցեղասպանության մասին խոսելը ոչ թե պարզապես անցյալը հիշել է, այլ պատգամ իր հայրենակիցների կողմից։ Նա հավելել է` չնայած անցել է ավելի քան մեկ դար, հայ ժողովուրդը կրկին կանգնած է նույն սպառնալիքի առաջ։
«Այո՛, 20-րդ դարի սկզբին 1.5 միլիոն հայ է սպանվել, այո՛, դա կոտորած էր, ողբերգություն, բայց իրողություն, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ։ Ի՞նչ կարելի է հիմա անել։ Այսօր դուք մտածում եք, որ աշխարհն ունի բոլոր գործիքները` կանխելու նման հանցագործությունները՝ միջազգային իրավունք, ինստիտուտներ, մեխանիզմներ։ Դուք չարաչար սխալվում եք, հարգելի՛ գործընկերներ։ 2023 թվականին հայերը կրկին բախվեցին մարդկության դեմ ծանր հանցագործության՝ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը։ Ավելի քան 100.000 հայերի ստիպեցին լքել իրենց հայրենիքը»,– ընդգծել է նա։
Մամիջանյանն իր ելույթն ավարտել է տպավորիչ նախադասությամբ։
«Եվ չնայած այս բոլոր ողբերգությունների հանդեպ աշխարհի անտարբերությանը, ես կանգնած եմ այստեղ՝ որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, և դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամին են համարում՝ դուք ձախողել եք, ես ողջ եմ»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։