Այս հոսքից երևում է՝ ոչինչ մոռացված չէ. Քոչարյանը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդում

Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ որևէ մեկը չի կարող փակել Հայոց ցեղասպանության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանի ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ չի կարող փակել Հայոց ցեղասպանության էջն ու մոռացության մատնել այն։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Կարծում եմ` այս հոսքից տեսնում եք, որ ոչ մի բան մոռացված չէ, ժողովուրդը ցեղասպանության փաստի նկատմամբ իր կարծիքն արտահայտում է հենց այսպես, և ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող փակել այս էջն ու մոռացության մատնել»,– ասաց ՀՀ 2-րդ նախագահը, որը Ծիծեռնակաբերդ էր եկել կնոջ` Բելլա Քոչարյանի և թոռնիկներից մեկի հետ։
Լրագրողների հարցին, թե հնարավոր է` Հայոց ցեղասպանության հարցն ուղղակի փակվի Թուրքիայի պահանջով, Քոչարյանը պատասխանեց` որևէ մեկին դա անել չի հաջողվի։
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում, մինչդեռ անտեսում է Ստեփանակերտում երկու եկեղեցիների՝ ավերումը ադրբեջանցիների կողմից, Քոչարյանն արձագանքեց` ինչպես միշտ, նույն կրկնակի ստանդարտներն են, որն այսօր քաղաքականության մեջ առօրյա է դարձել։
Թուրքիան միանշանակ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյան
«Ես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ , բայց սա աշխարհում և քաղաքականության մեջ ընդունված բողոքի տարբերակ է։ Եթե կա երկիր, որի քաղաքականությունը մեկ այլ երկրի ժողովրդին ցավ է պատճառում, ապա դա բողոքի արտահայտման ձև է»,– ասաց նա։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտմանը` ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց, որ դա նորություն չէ, և չի կարծում, որ այսօր Թուրքիան իր քաղաքականությունը փոխելու է։
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք այս մոտեցմանը, մենք մեր ճշմարտությունն ունենք, դա ճանաչված փաստ է, և մենք չպետք է հետ քաշվենք, պետք է հետևողական լինենք»,– հավելեց նա։
Քոչարյանը հիշեցրեց, որ իր նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, և եթե ՀՀ կառավարությունը, ՀՀ իշխանությունները շարունակեն այս գործը, ի վերջո Հայոց ցեղասպանություն փաստը ժխտումը անիմաստ կդառնա նաև Թուրքիայի համար։
Քոչարյանը
«Բայց եթե կանգնի այս գործընթացը, և հետ պտտենք ամեն ինչ, դա պրոբլեմներ կստեղծի նաև ճանաչման համար»,–ասաց նա։
Քոչարյանն ընդգծեց` իրենց նախընտրական ծրագրում հստակ ամրագրված է, որ իրենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հստակ քայլեր ենք ձեռնարկելու։
Ինչ վերաբերվում է պահանջատիրությանը, Քոչարյանը նշեց, որ դա խնդրահարույց է։
«Չպետք է հատենք մի գիծ, որը նախևառաջ իրատեսական չէ, և երկրորդ` պրոբլեմներ է առաջացնում։ Շատ պրագմատիկ մոտեցում պետք է ունենանք։ Մենք հասկանում ենք, որ սա մի փաստ է, որը ժխտել կամ մոռանալ հնարավոր չէ»,–ասաց նա։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։