Զոհված զինծառայողի մորը ոստիկանություն են տարել հին տեսանյութի պատճառով

Անահիտ Պատատյանը ոստիկանությունում պարզաբանում է տվել դեպքի առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պատատյանը, բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին՝ բացատրություն տալու համար: Առիթը համացանցում տարածված տեսանյութն է, որում երևում է, թե ինչպես է կինը շիշը նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ:
Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին, սակայն արձագանք է ստացել ավտոբուսի վարորդի վնասվածքի հետ կապված վերջին դեպքի ֆոնին։
Պատատյանի խոսքով ՝ այդ օրը ինքը մասնակցել է բողոքի ակցիայի և այլ քաղաքացիների հետ Մաշտոցի պողոտայից շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա: Տրոլեյբուսից դուրս գալուց հետո, պնդում է նա, վարորդը սկսել է վիրավորել ուղևորներին։
«Երբ տրոլեյբուսից իջանք, վարորդը և՛ ինձ, և՛ ինձ հետ իջնողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց։ Աֆեկտի տակ, ինքնատիրապետումս կորցրի, զայրացա ու ձեռքիս շիշը նետեցի։ Միտումնավոր հենց իր ուղղությամբ չեմ նետել»,- ասաց Պատատյանը։
Պատատյանի փաստաբանն իր հերթին կարծում է, որ ուղևորների և վարորդների միջև լարվածության աճը կապված է քաղաքային իշխանությունների գործողությունների հետ, որոնք, նրա կարծիքով, պայմաններ են ստեղծում կոնֆլիկտների համար: