ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում երկաթուղային հատվածը կառավարելու է TRIPP ընկերությունը։ ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկը հարցրեց` «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում առաջինը գործարկվելու է երկաթուղին, և երբ ենթակառուցվածքները պատրաստ լինեն, դրանք կառավարվելո՞ւ են հայ–ամերիկյան ընկերության կողմից, թե՞ ռուսական ընկերությունն է կառավարելու։
«TRIPP-ի հատվածում երկաթուղին կառավարելու է TRIPP ընկերությունը։ Այդտեղ ընդհանրապես երկրորդ կարծիք չկա»,– պատասխանեց Փաշինյանը։
Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ TRIPP–ի շրջանակում կառուցվող երկաթուղին միանալու է ընդհանուր երկաթուղային ցանցին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։