ԵՐԵՎԱՆ,23 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին Թուրքիայի դրոշի այրումը համարում է սադրիչ և լարվածություն հրահրող։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ»,– ասել է Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111–րդ տարելիցին նվիրված «Ջահերով երթի» մեկնարկից առաջ մասնակիցները ավանդաբար այրեցին Թուրքիայի դրոշը։