Պապիկյանը Կոբախիձեի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Հանդիպման մասնակիցները նշել են երկու երկրների միջև փոխգործակցության աճող դինամիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Թբիլիսիում այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել է երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր ու Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը նշել են երկու երկրների միջև փոխգործակցության աճող դինամիկան, քննարկել երկկողմ և տարածաշրջանային գործընկերությանն առնչվող հարցեր։
«Երկու երկրների միջև համագործակցությունը պաշտպանական ոլորտում հաջողությամբ զարգանում է», – փաստել են հանդիպման մասնակիցները։
Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի պատրաստակամությունը նպաստել տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ Պապիկյանը և Կոբախիձեն հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Նշվել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացմանը և բարգավաճմանը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած հայկական պատվիրակությունը ապրիլի 21-ից պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ Պապիկյանն արդեն բանակցություններ ունեցելէ վրացի գործընկեր Իրակլի Չիկովանիի հետ։