Կկողմնորոշվենք ըստ իրավիճակի. Փաշինյանը՝ ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին

Այս պահին ՀՀ–ն սառեցրցել է ՀԱՊԿ–ում իր մասնակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերությունների ապասառեցում Հայաստանը չի նախատեսում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դե յուրե վերջնականորեն դուրս կգա՞նք ՀԱՊԿ–ից, թե՞ դուրս չենք գա, դա այլ խոսակցություն է, ես չեմ կարող ասել։ Հետևաբար կկողմնորոշվենք՝ ըստ իրավիճակի»,– ասաց նա։շ
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։