ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Իրանը պահպանել է ռազմական ներուժի զգալի մասը` չնայած այն ոչնչացնելու վերաբերյալ ամերիկյան հայտարարություններին։ Այս մասին հայտնում է «CBS News»-ը՝ հղում անելով հետախուզական տվյալներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաների։
Նրանց տեղեկություններով՝ ապրիլի 8-ի դրությամբ Թեհրանը պահպանում էր իր բալիստիկ հրթիռների և արձակման կայանքների պաշարների մոտ կեսը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հզորությունների մոտ 60%-ը (այդ թվում՝ Հորմուզի նեղուցում արագընթաց մոտորանավակները) նույնպես շարունակում են գործել։ Բացի այդ, շարունակում է գործել Իրանի ռազմաօդային ուժերի մոտ երկու երրորդը։
Այս գնահատականները հակասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարություններին, որոնք ավելի վաղ պնդել էին Իրանի ռազմական ներուժի լրջագույն թուլացման մասին։
ԱՄՆ Կոնգրեսում տարբեր դիրքորոշումներ են հնչում։ Մի շարք հանրապետականներ, այդ թվում՝ Ռոջեր Մարշալը, կողմ են, որ ռազմական գործողությունները շարունակվեն, նրանց խոսքով` Իրանի միջուկային ծրագիրը կանխելու համար պետք է գործն ավարտին հասցնել։
Միևնույն ժամանակ դեմոկրատ սենատոր Թինա Սմիթը զգուշացնում է հակամարտության ֆոնին տնտեսական անորոշության աճի ռիսկերի մասին։