ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանի հրաժարականը՝ այն անվանելով նրա անձնական որոշում:
Իր «Truth Social» սոցցանցում ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆելանին կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ ապագայում նա կվերադառնա վարչակազմ:
Ընդ որում, Թրամփը կոնկրետ պաշտոն չի առաջարկել։
«Ջոն Ֆելանը խելացի է, վճռական և բոլորի կողմից հարգված։ Եվ չնայած որոշել է թողնել ռազմածովային ուժերի նախարարի իր պաշտոնը, ես բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որը նա կատարել է և անպայման կցանկանայի ապագայում նրան տեսնել Թրամփի վարչակազմում»,-հստակեցրել է ԱՄՆ նախագահը։
Ֆելանի պաշտոնանկության մասին հայտնի է դարձել ապրիլի 22-ին, Պենտագոնում այդ որոշման պատճառը չեն հայտնել: «Axios» պարբերականը գրել է, որ Ֆելանը պաշտոնից զրկվել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով։ Նախարարի պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալ Հուն Կաոն։