ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հակամարտությունում հրադադարի ռեժիմը, մինչև Թեհրանն առաջարկներ ներկայացնի։
«Ես... երկարաձգում եմ հրադադարի ռեժիմը այնքան ժամանակ, քանի դեռ չի ներկայացվել նրանց առաջարկը, և քննարկումներն այս կամ այն կերպ չեն ավարտվել»,- գրել է Թրամփը «Truth Social»-ում։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Իրանին հարվածները հետաձգելու որոշումը կայացրել է Պակիստանի ղեկավարության խնդրանքով։
«Ֆելդմարշալ (Պակիստանի գլխավոր շտաբի պետ. խմբ.) Ասիմ Մունիրը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը խնդրել են մեզ հետաձգել մեր հարձակումը Իրանի վրա»,- գրել է Թրամփը։
Միաժամանակ նա հայտնել է, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կշարունակվի՝ չնայած հարվածները հետաձգելու ամերիկյան համաձայնությանը։
«Ես հրահանգել եմ, որ մեր զինված ուժերը շարունակեն շրջափակումը»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։