ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սահմանափակել Իրանի կողմից հակամարտության կարգավորման առաջարկ ներկայացնելու ժամկետները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։
ԱՄՆ նախագահը նախօրեին հայտարարել էր, որ երկարացնում է Իրանի հետ հակամարտության հրադադարի ռեժիմը մինչև հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը:
«Թրամփը նախատեսում է միասնական առաջարկ ձևավորելու համար իրանցիներին տալ սահմանափակ ժամկետ», - հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները:
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի ցանկանում հրադադարը երկարաձգել անորոշ ժամկետով։
Հեռուստաալիքը նշում է, թե Թրամփի վարչակազմում գիտակցում են, որ որքան երկար է տևում Հորմուզի նեղուցի արգելափակումն ամերիկյան նավերի կողմից, այնքան մեծանում է համաշխարհային տնտեսութան կրած վնասը:
Ինչպես նշում է CNN-ը, պարզ չէ՝ Թեհրանն արդեն Վաշինգտոնից ստացե՞լ է ազդանշան առաջարկի շուրջ մտածելու ժամկետի սահմանափակման մասին, թե՞ ոչ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։