ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ստամբուլում այս տարի ևս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը։ Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը։
Նշվում է, որ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին Քադըքյոյում՝ Սյուրեյյա օպերայի շենքի դիմաց, հիշատակի հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն նահանգապետարանը մերժել է դիմումը։
Նույն հարթակի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին ևս նման դիմումները մերժվել են, մինչդեռ մինչև 2020 թվականը հիշատակի միջոցառումները տարբեր քաղաքներում, հատկապես Ստամբուլում, անցկացվել են պարբերաբար։ Կազմակերպիչները հայտարարել են, որ հիշատակի միջոցառումների անցկացումը ժողովրդավարական իրավունք է և կոչ են արել վերանայել ընդունված որոշումը։ Նրանք նաև ընդգծել են, որ նման հավաքները միտված են հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհվածների հիշատակին, ինչպես նաև նպաստելու հասարակական հիշողության և առերեսման գործընթացին։