Կիևը հանել է «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա նավթի տարանցման արգելափակումը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. «Դրուժբա» խողովակաշարով Բելառուսի, այնուհետև Ուկրաինայի տարածքով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի տարանցումը վերականգնվել է։ ԲելՏԱ գործակալության փոխանցմամբ` «Բելնեֆտեխիմը» հաստատել է Բելառուսի տարածքով Հունգարիա և Սլովակիա նավթի տարանցման վերականգնման մասին տեղեկությունը:
Ավելի վաղ «Ուկրտրանսնաֆտա» բաժնետիրական ընկերությունը հունգարական «MOL» նավթագազային ընկերությանը տեղեկացրել էր «Դրուժբա» խողովակաշարով Ռուսաստանից Բելառուսի տարածքով նավթի տարանցման վերսկսման մասին:
Նախօրեին «Reuters» գործակալությունը հայտնել էր, որ Ուկրաինան ապրիլի 22-ին կվերսկսի «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը: Կիևը ձգտում է ԵՄ-ից ստանալ 90 մլրդ եվրոյի չափով վարկ, որը նրան շտապ անհրաժեշտ է, իսկ դրա համար պետք է հանել հունգարական վետոն, որը սահմանվել է Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարի արգելափակման պատճառով: