«ՀՀ իշխանությունն այլ իրականության մեջ է ապրում». Մովահեդիանը՝ ԱԳՆ–ի հայտարարության մասին

ՀՀ ԱԳՆ–ն Իսրայելի իշխանություններին և ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել կապերը Երևանի և Թել Ավիվի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը չի վրիպել իրանցիների ուշադրությունից։ ԱԳՆ–ի հաղորդագրությունը մեկնաբանել է միջազգային հարաբերությունների փորձագետ, Թեհրանի համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը։
ՀՀ ԱԳՆ–ն երեկ հաղորդագրություն էր հրապարակել X-ում` Իսրայելի կառավարությանը և ժողովրդին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ։ Գերատեսչությունը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ։

«ՀՀ ԱԳՆ–ն Իսրայելին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ։ Ի՜նչ դառը հեգնանք։ Մինչ ամբողջ աշխարհը դատապարտում է Իսրայելի հանցագործությունները և հեռավորություն պահում այդ ռեժիմից, ՀՀ կառավարությունն այլ իրականության մեջ է ապրում», – X սոցցանցում գրել է իրանցի փորձագետը։

Նա հավելել է՝ այդ շնորհավորանքը հնչում է Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության հետ կապված խնդիրների, այն խլելու փորձերի և արմատական հրեաների` հայ հոգևորականության նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի ֆոնին։
Ինչպես նշել է Մավահեդիանը, Իսրայելը մինչ օրս Հայոց ցեղասպանությունը դիտարկում է որպես իրադարձություն, որը որոշ առումով «մրցակցում» է Հոլոքոստի հետ։
«Իսրայելի կողմից Բաքվին տրամադրված հետախուզական և ռազմական օգնությունը հանգեցրեց Ղարաբաղի օկուպացմանն ու այնտեղ ապրող 120 000 հայերի արտաքսմանը», – եզրափակել է իրանցի փորձագետը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։ Ապրիլի 22-ին Թրամփը հայտարարեց, որ երկարաձգում է հրադադարի ռեժիմը։