Հայ դպրոցականները 9 մեդալ են նվաճել IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում

Օլիմպիադային մասնակցել է 16 երկրի 440 աշակերտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ դպրոցականները 1 ոսկե, 1 արծաթե և 7 բրոնզե մեդալներ են նվաճել IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով երկու տարիքային խմբերի համար՝ ավագ (10-12-րդ դասարաններ) և կրտսեր (7-9-րդ դասարաններ)։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել է 6 ուսումնական հաստատության (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, «Քվանտ» վարժարան, «Այբ» դպրոց, Գյումրու «Ֆոտոն» վարժարան, Գյումրու թիվ 7 և թիվ 41 հիմնական դպրոցներ) 20 աշակերտ։ Հայաստանի մասնակիցներից 11-ն ավագ, իսկ 9-ը՝ կրտսեր տարիքային խմբի 9 աշակերտներ են։
Օլիմպիադային մասնակցել է 16 երկրի 440 աշակերտ (ավագ տարիքային խումբ՝ 285 աշակերտ, կրտսեր տարիքային խումբ՝ 155 աշակերտ):