ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Իրանի հետ կապված առնվազն 34 լցանավ և գազատար նավ է անցել ամերիկյան ուժերի կողմից շրջափակման ենթարկված Հորմուզի նեղուցով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով «Vortexa» վերլուծական ընկերության տվյալները:
«Նախորդ շաբաթվա սկզբից անցած նավերից 19-ը դուրս էին եկել Պարսից ծոցից։ Դրանցից 17-ը բեռներ էին տեղափոխում», - ասվում է հրապարակման մեջ։
Ամբողջությամբ բեռնված իրանական երկու լցանավ այս շաբաթ դուրս են եկել Պարսից ծոցից և անցել ամերիկյան շրջափակման կողքով:
«Նրանք մտնում են այն նավատորմը, որը շրջանցել է ռազմանավերը և շուկա հասցրել մոտ 9 մլն բարել նավթ», - փոխանցում է գործակալությունը:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում առնվազն երեք կոնտեյներային նավ է գնդակոծվել:
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Հրադադարի առանցքային պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի արգելաբացումն էր, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդը: Համաձայնագրի գործողության առաջին օրը Իրանը բաց է թողել մի քանի նավ, որից հետո նեղուցը կրկին փակվել է Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների պատճառով: Այնուհետև՝ Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի ընթացքում, Իրանը բացել է նեղուցը, բայց արդեն ապրիլի 18-ին Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը կրկին անցել է «խիստ վերահսկողության տակ» և չեղարկել են այն նավագնացության համար բացելու որոշումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պակիստանի խնդրանքին ի պատասխան Իրանի հետ զինադադարը անորոշ ժամանակով երկարաձգելու մասին: