ԵՐԵՎԱՆ, 21ապրիլի - Sputnik. «ՎՏԲ Հայաստան» բանկը զբոսաշրջային սեզոնից առաջ կընդլայնի ռուսաստանցիների համար վճարային տարբերակները. բանկը 76%-ով ընդլայնել է վճարային տերմինալների ցանցը և զարգացնում է առցանց էքվայրինգը։
«Ռուսաստանցի այցելուների թվի աճի ֆոնին «ՎՏԲ Հայաստան» բանկն ընդլայնում է անկանխիկ վճարման տարբերակները՝ երկրում գործարքները դարձնելով ավելի հարմար։ Բանկը տեղական շուկայում միակն է, որն ընդունում է «Միր» վճարային համակարգի քարտեր։ Սա թույլ է տալիս զբոսաշրջիկներին վճարել ապրանքների և ծառայությունների համար հյուրանոցներում, ռեստորաններում, խանութներում, բժշկական հաստատություններում և սպասարկման կետերում՝ առանց կանխիկ գումար օգտագործելու», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտի զարգացումը մնում է Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը։ Մասնավորապես, անցյալ տարի երկիր է այցելել ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 40%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել։ Ընդհանուր առմամբ, զբոսաշրջային հոսքը աճել է 2.5%-ով, ինչը ընդգծում է Հայաստանի նկատմամբ շարունակական հետաքրքրությունը որպես զբոսաշրջային ուղղություն։
«Անկանխիկ վճարումների ենթակառուցվածքների ընդլայնումը նպաստում է այցելուների սպասարկման որակի բարելավմանը և աջակցում է զբոսաշրջության ոլորտի շարունակական զարգացմանը։ Բանկի POS տերմինալների ցանցը շարունակում է արագ աճել. վերջին տարվա ընթացքում դրանց թիվն աճել է 76%-ով, մասնավորապես՝ մանրածախ առևտրի, ռեստորանային և հյուրանոցային հատվածներում», - նշել են բանկի մամուլի ծառայությունում։