ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությանը։
«Պակիստանյան բանակցություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել»,- ասել է Բաղային։
Դիվանագետը նշել է, որ պատճառը ամերիկյան կողմի հակասական ուղերձներն են, պահվածքը և անընդունելի գործողությունները։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։