ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մեկնում է Մոսկվա՝ Հաղթանակի օրվա տոնակատարությանը ներկա գտնվելու և հարգանքի տուրք մատուցելու Սլովակիայի ազատագրման ժամանակ զոհված կարմիրբանակայիններին։ Նրա խոսքով՝ այցը որևէ կապ չունի ներկայիս քաղաքական իրավիճակի հետ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Իմ այցը Մոսկվա որևէ առնչություն չունի ընթացիկ քաղաքական իրավիճակի հետ, -հայտարարել է Ֆիցոն Բրատիսլավայի առևտրի տեխնիկումի սաների հետ հանդիպման ժամանակ,-Կարմիր բանակի 60 հազար մարտիկներ են զոհվել Սլովակիայի տարածքում՝ ազատագրելով այն։ Այն Կարմիր բանակն էր, ոչ թե ռուսականը։ Դրա շարքերում մարտիկներ կային ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր միութենական հանրապետություններից»։
Վարչապետն ընդգծել է, որ չի ծրագրում մասնակցել զինվորական շքերթին. ոչ այս տարի, ոչ էլ նախկինում նա շքերթին չի մասնակցել։
«Այցի նպատակն այլ է՝ մեխակներ խոնարհել Կարմիր բանակի Անհայտ զինվորի հուշարձանին։ Հարգանք դրսևորել ազատագրող մարտիկների նկատմամբ, դա կարևոր է»,-հայտարարել է նա։
Ֆիցոն նաև հայտարարել է Նորմանդիա ուղևորության մասին՝ Երկրորդ ճակատի բացման 82-րդ տարելիցի միջոցառումներին։ «Այնտեղ էլ շատ մարդիկ են զոհվել»,- հավելել է նա։
Պատասխանելով այցի հետ կապված քննադատություններին՝ վարչապետը սկզբունքային դիրքորոշում է հայտնել. «Մենք չենք կարող այս պատմությունը ջնջել հիշողությունից։ Միայն այն պատճառով, որ այսօր Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ այլ հայացք ունի, և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտություն է ընթանում, մենք պետք է ձևացնենք, թե Ռուսաստանը գոյություն չունի՞։ Որ ոչինչ չի եղել և դա մեզ չի՞ վերաբերում»։
Ֆիցոն նաև հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում ամենամեծ կորուստները կրել են ԽՍՀՄ կազմի մեջ մտնող ժողովուրդները։